Միգուցե փորձեն սադրել, որպեսզի ինձ հունից հանեն․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ի կողմից իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցի մասին
«Առաջնահերթ պատկերացնում եմ, որ օր առաջ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ապօրինի կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցներն ազատ արձակվեն, սա իմ համար առաջնահերթություն է այս պահին»։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե ՔՊ-ն առաջիկայում պատրաստվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկել, Լևոն Քոչարյանը նկատեց, որ դրանք ենթադրություններ են։
«Ես ինքս լսել եմ նման բաներ։ Եթե մարդիկ իրենց հիմնական գործը ձախողում են, երկրի անվտանգությունը, մնացած հարցերը ձախողում են, մնում է կախվել նախկիններից, փորձել շոուներ ստեղծել։ Միգուցե փորձեն սադրել, որպեսզի ինձ հունից հանեն, և ֆիզիկական հարված հասցնեմ, որպեսզի հետո գնան հերթով ոստիկանությունում բողոքներ գրեն։ Եթե ուզում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հետաքրքիր տեղեր կան, կարծում եմ»,- ասաց նա։