Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են Գորիսից առևանգված «ապագա հարսնացուին»
Նոյեմբերի 12-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզից քաղաքացու են առևանգել և ուղևորվում են դեպի Վայոց ձորի մարզ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Որոշ ժամանակ անց պարեկները Երևան-Մեղրի ավտոճանապարհին նկատում են կասկածելի Suzuki մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում, և մոտենալով ավտոմեքենային, տեղում պարզում են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Պարեկները ավտոմեքենայում հայտնաբերում են 24-ամյա Օվսաննա Ա.-ին, 33-ամյա Բաբիկ Բ-ին, 34-ամյա Կարեն Ա.-ին, և 32-ամյա Հարություն Պ.-ին, որոնք տեղափոխվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժին՝ նշված հանցանքը կատարած կասկածի առկայության հիմքով:
Արդեն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում Օվսաննա Ա.-ն հայտնում է, որ ամուսնության նպատակով Բաբիկ Բ.-ն նշված անձանց հետ, իր կամքին հակառակ, իրեն Գորիս քաղաքից առևանգել է:
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: