Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի հարցով փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ
2014 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերության մեջ «հանկարծամահ եղած» Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների և փաստաբանների խումբը նյութերն է նախապատրաստում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու նպատակով:
Այս մասին newspress.am-ի հետ զրույցում նշեց խմբում ներգրավված փաստաբան Քրիստինա Գևորգյանը: Նա դիմումի հիմքերի վերաբերյալ մանրամասներ չներկայացերց, սակայն ասաց, որ հիմքում դրված է նաև կյանքի իրավունքի հարցը: Նրա խոսքով՝ ՄԻԵԴ դիմումը հնարավորություն կունենան ներկայացնել այն ժամանակ, երբ ԱԱԾ-ի վարույթում քննվող գործի նախաքննությունը կավարտվի:
Իրավապաշտպանների և փաստաբանների խմբում ներգրավված են նաև Լարիսա Ալավերդյանը, Արա Ղազարյանը եւ Վահե Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել 2014 թվականի օգոստոսի 7-ին, իսկ օգոստոսի 8-ին Ադրբեջանը հայտնել էր, որ նա «հանկարծամահ» է եղել ՝սրտի անբավարարությունից: