«Եռաբլուր»-ում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի մուտքը խոչընդոտելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ սպետեմբերի 21-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Ա․ Գ․-ն, Ա․ Ա․-ի և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ այլ անձանց հետ՝ խմբի կազմում, գտնվելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և համընդհանուր ճանաչում ստացած բարոյական նորմերի նկատմամբ, Հայաստանի անկախության պետական տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հ․ Աղազարյանի և Հ․ Ասլանյանի քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված՝ սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են հնչեցրել և անպարկեշտ արտահայտություններ արել վերջիններիս հասցեին։
Այդ ընթացքում Ա․ Գ․-ն ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ.Աղազարյանի ազդրի հատվածին, իսկ Ա․Ա․-ն հրել և սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ է հնչեցրել պատգամավորների հասցեին։ Այդ գործողություններով խոչընդոտվել և թույլ չի տրվել պատգամավորներին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նշված երկու անձանց մեղսագրվող արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։