«Հանգուցյալ պապս կասեր՝ էշ, մի՛ սատկի՝ գարուն կգա». Մանուկյանը վրդովվեց
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք հստակ ժամանակցույց, թե երբ կարող են տրամադրել կապույտ անձնագրերը, կամ որ նույնն է՝ կենսաչափական անձնագրերը։
«Կոնկրետ տարի, ամսաթիվ, ասեք՝ 48 թիվ, ասեք՝ 2050 թիվ. մինչև ո՞ր թիվը կարող են ստանալ էդ կապույտ անձնագիրը»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը։
«Ես այդ հարցին կոնկրետ չեմ կարող պատասխանել»,- արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին՝ ասաց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
«Իսկ ո՞վ կարող է պատասխանել»,- իր հարցն ուղղեց Միգրացիոն ծառայության պետին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա էլ պատասխանեց, թե այս պահին ոչ ոք չի կարող, քանի որ այս գործառույթը ոստիկանությանն է պատկանել և ոնց է փոխանցվել իրենց, ու գործընթացը դեռ նոր է սկսվել։
Գեղամ Մանուկյանը չդիմացավ․ «Հանգուցյալ պապս կասեր՝ էշ, մի՛ սատկի՝ գարուն կգա։ Ամեն օր նույն վիճակն ա»,- ասաց նա։
Արմեն Ղազարյանն էլ նշեց, թե տասնամյակներ շարունակ Հայաստանի անձնագրային համակարգի վրա չի կատարվել ներդրում, համակարգը չի արդիականացվել։
«Այս համակարգը, որ այսքան էլ գոյատևել է, աշխատակցիների ջերմեռանդության շնորհիվ է»,- ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։