Երեխաների ու զորակոչիկների համար նախատեսվում է կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն: Այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նա տեղեկացրեց, որ եկող տարի Իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են 16.4%-ով, որը կազմում է մոտ 728 մլն դրամ։ Ավանեսյանի խոսքով` լրացուցիչ ֆինանսավորման արդյունքում կներդրվի ջրծաղիկի պատվաստանյութի կիրառում։
«Կարծում եմ՝ սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության պահպանմանն ու աշխատունակության պահպանմանը, նաև որոշակի առումով անվտանգային կարևոր լուծում է»,- ասաց Ավանեսյանը:
Նա նկատեց, որ ջրծաղիկը բարձր վարակելիություն ունի: Եվ եթե, օրինակ, մանկապարտեզում մեկ խմբում ջրծաղիկի դեպք է գրանցվում, ապա այդ հաստատությունում գրեթե բոլորը վարակվում են, լինում են նաև ծանր դեպքեր: