Թուրքիայի ջրամբարաշինությունը տնտեսականից բացի, քաղաքական նշանակություն ունի
Թուրքիայի Արաքս գետի վերին հոսանքներում կառուցվում է մի քանի ջրամբար, որոնք կարող են ազդել Արաքս գետի թողունակության վրա: Արդեն կառուցվել է 2 ջրամբար` Շիրիմքյուի ջրամբարը՝ 1.9 միլիոն խորանարդ մետր տարողությամբ, Բայբուրդի ջրամբարը՝ 52 միլիոն խորանարդ մետր տարողությամբ:
Նախատեսվում է նաև Կարսի ջրամբարի կառուցումը՝ 332 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ, կառուցվելու է նաև Կարակուրդի ջրամբարը՝ 1 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ:
Կարսի ջրամբարը ՀՀ սահմանից հեռու չէ: Չորս ջրամբարների արդյունքում Թուրքիան կարող է ամբարել մոտ 1.4 միլիարդ խորանարդ մետր ջուր: Մինչ դեռ Արաքս գետով տարեկան անցնում է 1 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր ջուր:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը պատասխանելով newspress.am-ի Թուրքիայում ջրամբարաշինության վերաբերյալ հարցին, նշեց, որ սովորաբար ջրամբարները 80 տոկոսով տնտեսական են, սակայն 20 տոկոսով նաև քաղաքական նշանակություն ունեն:
«Ջրամբարը երկրի ձեռքում լծակ է, որը կարող է օգտագործել»,- ասաց նա, շեշտելով, որ միջազգային տարբեր կոնվենցիաներ կան, որ կարգավորում են սահմանային գետերի օգտագործման հարցը:
«Մերոնք այս կառույցների միջոցով հարցը կարող են կարգավորել, կա սահմանում, թե սահմանային գետի քանի՞ տոկոսը կարող ես օգտագործել, անգամ եթե քո տարածքով է հոսում: Այս դեպքում Արաքսը հոսելով Թուրքիայի տարածքով, հետո դառնում է միջազգային»,- ասաց Պապյանը: