Ժաննա Անդրեասյանն իրեն շրջապատում է իր ընկերուհիներո՞վ․ ինչու են պաշտոնից ազատել Թումանյանի տուն-թանգարանի տնօրենին
Երբ չեն պահպանվում Աշխատանքային օրենսգրքով կարգավորումները, դրան հաջորդում է աշխատանքից ազատումը։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ խոսելով Թումանյանի տուն-թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու մասին։
«Ցանկացած կազմակերպությունում աշխատանքային փոխհարաբերությունները կառուցվում են աշխատանքային օրենսգրքի հիման վրա և, բնականաբար, բոլոր այն դեպքերում, երբ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումները չեն պահպանվում, դրան հաջորդում են համապատասխան քայլերը»,- ասաց նա։
Փոխնախարարի խոսքով` խնդիրը Թումանյանին ներկայացնելը չէ, այլ գործուղման համար իր գործատուի կողմից հրահանգ և հրաման չունենալն է։
«Ցանկացած տնօրեն, որը մեկնում է արձակուրդ կամ գործուղման, նախարարի հրամանով ունենում է այդ իրավունքը։ Գործուղման հրաման չի ունեցել։ Եթե չունես այդ հրամանը, տվյալ գործուղումը չես կարող իրականացնել»,- ասաց փոխնախարարը։
Սվաջյանն անձնական մեկնաբանություններ որակեց այն քննարկումները, թե տուն-թանգարանի պաշտոնին նշանակվելու է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ընկերուհին։
«Դրանք անձնական մեկնաբանություններ են, որևէ հիմք չունեն»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ինքը՝ Սվաջյանը ևս Անդրեասյանի ընկերուհին է, փոխնախարարը պատասխանեց․ «Ի՞նչ նկատի ունեք ընկերուհի ասելով, ընկերություն անելը մեծ հասկացություն է. մինչև աշխատանքային փոխհարաբերություններ ունենալը ես տիկին Անդրեասյանի հետ որևէ առնչություն չեմ ունեցել»։