ԳՄ նիստից հետո անպայման կհայտարարվի կոալիցիայի կազմավորման մասին. Ռուբեն Թադևոսյան
Այսօր` փետրվարի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Այն կմերկնարկի ժամը 18:օօ-ին:
Այս մասին newspress.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Նկատենք, որ սովորաբար ԳՄ նիստը կազմակերպվում է հինգշաբթի երեկոյան, ժամը 17:30-ից ոչ շուտ, չնայած դրան Ռուբեն Թադևոսյանն այստեղ շտապողականություն չի տեսնում:
«Գործադիրի նիստը հրավիրում ենք այն ժամանակ, երբ մեզ հարմար է»,- ասաց կազմակերպչական հանձնաժողովի նախագահը` հավելելով, որ ԳՄ նիստից հետո կուսակցության խորհրդի նիստ չի լինի, սակայն կոալիցիայի կազմավորման մասին կլինեն քննարկումներ:
«Նիստից հետո անպայման կհայտարարվի կոալիցիայի կազմավորման ու Դաշնակցությանը տրամադրվելիք պորտֆելների մասին»,- տեղեկացրեց Ռուբեն Թադևոսյանը:
Նկատենք, որ այսօր մամուլում տեղ գտած լուրերի համաձայն, երկար բանակցությունների արդյունքում, դաշնակցությունն ստացել է իր ցանկացած 3 պորտֆելները: Ըստ մամուլի` Դաշնակցությանը կտրամադրվի արդարադատության, կրթության և գիտության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարների պաշտոնները: Newspress.am-ի տեղեկություններով` արդեն կա որոշումը Արմեն Աշոտյանին ԿԳ նախարարի պաշտոնից ազատելու մասին, որը կհաստատվի այսօրվա ԳՄ նիստից հետո: