Երևանի մետրոպոլիտենին կհատկացվի 4 միլիարդ դրամ`նոր կայարանի կառուցելու համար. նախարար
ՀՀ ֆինանսների նախարարությունն այս տարի Երևանի մետրոպոլիտենին արդեն գումարներ է հատկացրել և նամակ ստացել քաղաքապետարանից, որով նախատեսում են կապիտալ ծախսեր։
Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեյի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա նշեց, թե անդրադարձել են խնդրին, որ Երևանի մետրոպոլիտենում երկար տարիներ ներդրում չի արվել։
«Այո՛, գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ Երևանի մետրոպոլիտենին հրատապ ներդրումներ են անհրաժեշտ։ Այդ պատճառով բավականին լուրջ գումարներ ենք հատկացրել. 2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգումների համար և 4 միլիարդ դրամ էլ նոր կայարանի կառուցման համար» ,- ասաց նախարարը:
Նա նաև հավելեց, թե բացի այն, որ առաջիկայում կապիտալ ծախսերի համար գումարներ են հատկացվելու, 2023–ին ևս կատարվել են ընթացիկ ծախսեր` մետրոպոլիտենում առաջացած որոշ խնդիրներ լուծելու համար։