Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս. Ֆինանսների նախարար
ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց, որ տնտեսական աճին նպաստող գործոնների մեծամասնությունը արտաքին են: Իր հարցն ուղղելով բյուջեն ներկայացնող՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, նա հետաքրքրվեց, թե որքան կլիներ մեր տնտեսական աճը` վերջին 5 տարվա կտրվածքով։
«Եթե փորձենք զտել ներքին ու արտաքին գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, եթե միջինացնենք տնտեսական արտաքին պայմանները, ապա որքա՞ն կլինի»,- հարցրեց նա։
Արձագանքելով պատգամավորին` նախարարը նկատեց, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի պոտենցիալը կազմում է 5.5 տոկոս:
«Այս պոտենցիալից են կախված այն կապիտալ ներդրումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ պոտենցիալի մեծությունը կախված է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից և այն բարեփոխումներից, որոնք մենք իրականացնում ենք», - նշեց Հովհաննիսյանը` հավելելով, որ կառավարության հիմնական ջանքը պետք է ուղղված լինի այդ պոտենցիալի բարձրացմանը: