Պուտինը մեծ հանդիպում կանցկացնի․ թեման Դաղստանի իրադարձություններն են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա ուժային կառույցների ղեկավարների հետ, որտեղ նրանք կքննարկեն «Արևմուտքի՝ Մերձավոր Արևելքի իրադարձություններն օգտագործելով հասարակությունը պառակտելու փորձերը»։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը միշտ մեծ ուշադրություն է դարձրել և շարունակում է մեծ ուշադրություն դարձնել այս թեմային: Միայն անցյալ շաբաթ նա մանրամասն հանդիպում է անցկացրել ռուսական դավանանքների առաջնորդների հետ, որտեղ քննարկվել է այդ թեման»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 19:00-ին։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Մախաչկալայում տեղի բնակիչները ներխուժել են օդանավակայանի թռիչքուղի Թել Ավիվից չվերթի ժամանումից հետո։ Հաղորդվել է, որ նրանք փնտրել են ժամանած Իսրայելի քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել են տարածքը լքող մեքենաները։
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։ Երկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ օդանավակայանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժել է ավելի քան 20 մարդ՝ և՛ ուժայիններ, և՛ խաղաղ բնակիչներ. տասից ավելին ստացել են թեթև վնասվածքներ, տասը հոսպիտալացվել են, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։