Ձեր վարչապետն էր ասում՝ «թուրք» բառից չի նեղվում․ հիմա որոշեք, եթե դուք չեք նեղվում «ադրբեջանական» բառից՝ համաձայն եք նրա հետ, եթե նեղվում եք՝ բա ինչի՞ եք նման որոշում կայացնում․ Աշոտյանը՝ դատավորին (տեսանյութ)
Այս գործը ոչ միայն փուչիկ է, այլև քաղաքական հետապնդում ու չարամտություն։ Այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ իր գործով դատական նիստի ժամանակ։
Միանալով դատավորին բացարկ հայտնելու իր փաստաբանների միջնորդությանը՝ Արմեն Աշոտյանը նկատեց, որ այն, ինչ կատարվեց անցյալ նիստում այս դահլիճում և կատարվում է ՀՀ այլ դահլիճներում, բովանդակությամբ ոչնչով չէր տարբերվում մեր հայրենակիցների և Արցախի ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ Բաքվի դատարաններում տեղի ունեցող վակխանալիայից (խրախճություն, տոնախմբություն-խմբ․)։
«Երևի միայն աշխատանքային լեզուն էր տարբեր», - ասաց Աշոտյանը։
Դատավորն ընդհատեց Աշոտյանին՝ հորդորելով խոսել ըստ էության։ Աշոտյանն էլ պնդեց, որ խոսում է միայն ըստ էության․ «Միայն սկիզբը լսում եք ու ընդհատում․ դուք չգիտեք ինչով եմ ավատելու, իսկ ես գիտեմ՝ ինչի մասին եմ խոսում, ուրեմն ինձ մի ընդհատեք»,-ասաց Աշոտյանը դատավորին։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ևս առարկեց դատավորի գործողությունը՝ հայտարարելով, որ հենց լսում են ադրբեջանական բառը՝ նեղվում են․ «Այն, որ կալանքը երկարացնում եք, չեք նեղվում, դրանից նեղվում եք», - ասաց Աթանեսյանը։
Աշոտյանը նիստը նախագահող Վահե Դոլմազյանին ասաց, թե չի կարող իրեն գրաքննության ենթարկել։
«Դուք կարող եք որոշել ընթացքը, բայց չեք կարող որոշել իմ մտքի, խղճի, արտահայտվելու ազատությունը։ «Ադրբեջանական» բառը վիրավորանք է, հասկանանք, որ վիրավորանք է, Դուք ճիշտ եք, Նիկոլը՝ սխալ։ Գործող վարչախումբը ադրբեջանական դատարանների որոշումներին տվեց ճիշտ ձևակերպում, այո՛, ֆարս է, բայց մի հատ ձեր աչքի փուշն էլ տեսեք, գործո՛ղ վարչախումբ», - ասաց Աշոտյանը։