Արմեն Աշոտյանը պարզապես մերկացնում է իշխանության տմարդությունը․ Շուշան Պետրոսյան
«Արմեն Աշոտյանը պարզապես մերկացնում է իշխանության տմարդությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը»։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով եկել էր ներկա գտնվելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավարությանը։
«Մենք այսօր կարոտ ենք բարձր մասնագիտական արժեքներով հարուստ քաղաքական գործիչների, իսկ այդպիսինն է Արմեն Աշոտյանը։ Բնականաբար, ներկայիս «հանցագործ իշխանությանը ձեռք չեն տալիս բարձր մասնագետները, գիտակները, արժանապատիվ հայերը, մարտնչող հայերը հանուն հայի, հանուն հայրենիքի»,- ասաց Պետրոսյանը։
Նա չի զարմանում, որ Արմեն Աշոտյանը հայտնվել է իշխանության համար անցանկալի մարդկանց ցուցակում։
«Այնքան ողորմելի են իրենք իրենց որոշումներով։ Մարդիկ, որոնք իրենց քաղաքական ճանապարհը բացել են քարկոծելով ազատ խոսքը, ազատ խոսքի իրավունքը, այսօր մարդու կարծիքն իրենց համար թվում է զենք իրենց դեմ, որովհետև իրենք համարժեք պատասխան տալ չեն կարող և այս ամենը կավարտվի իրենց գնալով»,-ասաց երգչուհին՝ հավելելով, որ անհայրենիք, անխիղճ, ողորմելի տեսակը չի կարող հանդուրժել իր կողքին տեսակ ունեցող հային ու փայլուն մտավորականին։