Շիրխանյանի պաշտպանները պահանջում են նրան անհապաղ տեղափոխել հիվանդանոց
2015թ.-ի դեկտեմբերի 21-ին ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպաններն արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն միջնորդություն են ներկայացրել՝ իրենց պաշտպանյալին քաղաքացիական բուժհաստատություն տեղափոխելու մասով. Վահան Շիրխանյանի առողջական վիճակը լավ չէ:
«Գիտեք, որ նա մեկ վիրահատություն է տարել` կապված ոտքի երակների հետ: Ներկայում մյուս ոտքի երակների հետ կապված նույնպես խնդիրներ կան: Հետևաբար անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց»,-newspress.am –ի հետ զրույցում ասաց Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը` հավելելով, որ պատասխանին անհապաղ են սպասում:
Նշենք, նաև նախաքննական մարմինը մերժել էր Շիրխանյանի կալանքը փոխելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կասկածվում է նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում վնասազերծված խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: