Շատերը գիտեն՝ ինչպես էր Վազգեն Սարգսյանը վերաբերվել Նիկոլ Փաշինյանին. Մամիջանյան
Փաշինյանն ու իր քարոզչամեքենան, երբ փորձում են իրենց գաղափարների և Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարների միջև զուգահեռներ տանել, կամ երբեմն փորձում ներկայանալ իբրև Սպարապետի հիշատակի պաշտպան, դա ոչ թե սրբապղծություն է, դա սրբապղծությունից անդին է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Շատերը գիտեն, թե ով էր Փաշինյանը, թե ինչպես էր Սպարապետը վերաբերվում Փաշինյանին։ Փաշինյանը պետք է լավ հիշի, թե հայոց փառապանծ բանակի հասցեին զրպարտություններ հրապարակելու համար ինչ որակումների էր արժանացել Վազգեն Սարգսյանի կողմից: Պիտի լավ հիշի, թե իր տարբեր թերթոններում ինչ կեղտ էր թափում հերոսների, մասնավորապես Սպարապետի վրա: Ամեն անգամ զարմանում եմ, թե ինչքան կարելի է քաղաքականության խաթր զզվելի արշավներ անել»,- ասաց նա: