Կրեմլը շփվելու է Մերձավոր Արևելքում հակամարտող բոլոր կողմերի հետ
Կրեմլն անհրաժեշտ է համարում կապեր հաստատել Մերձավոր Արևելքում հակամարտող բոլոր կողմերի, այդ թվում՝ Իսրայելի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք և անհրաժեշտ ենք համարում շարունակել մեր շփումները բոլոր կողմերի հետ և, իհարկե, կշարունակենք մեր երկխոսությունը Իսրայելի հետ»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաստատել էր, որ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչներն այցելում են Մոսկվա։ ՌԴ ԱԳՆ-ից РИА Новости գործակալությանը հայտնել են, որ Ռուսաստանը «ՀԱՄԱՍ»-ի հետ հանդիպմանը քննարկել է պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցը։
«ՀԱՄԱՍ» շարժումն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ և ռուսական դիվանագիտության ջանքերը։