Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ․ Փաշինյան (տեսանյութ)
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց կառավարության ներկայացուցիչներից, թե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ինչպիսի՞ կարգավիճակ ունեն։
Նրան արձագանքելով` Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս խնդիրը պետք է ներկայացվի նաև կառավարության վաղվա նիստում։
«Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»,- ասաց նա՝ նշելով , որ այս որոշման նախագիծը բազմիցս քննարկվել է տարբեր ֆորմատներով:
Փաշինյանը նշեց, որ նախագծով արձանագրվում է ԼՂ-ից տեղահանվածների փախստական լինելու հանգամանքը։
«Որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումով մեր քույրերի և եղբայների իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն»,- ասաց նա։
Նրա խոսքով` արցախցիները կունենան հնարավորություն՝ դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և կառավարությունը հնարավորինս արագ ձևերով այդ հարցերը կլուծի։