ՌԴ-ն Հայաստանի վարորդական վկայականները չի ճանաչի աշխատանքային գործունեության համար
Պետդուման որոշեց անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը։ Այս մասին հայտնում է Դումայի կայքը։
Կառավարության ներկայացրած օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հունիսին։ Դրա քննարկումը կասեցնելու առաջարկով հանդես է եկել տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը։ Այժմ նման նախաձեռնությունը չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։
«Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ ազգային վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծով առաջարկվում է լրացուցիչ նախապատվություններ տալ Հայաստանին, սակայն ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակն ամրապնդելու համար։ Հենց դրա հիման վրա էլ Դուման որոշում է կայացնում Ռուսաստանի Դաշնության տարածքում այլ երկրների ազգային իրավունքների օգտագործման հնարավորության մասին։ Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կապված, քանի որ ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրված է դրանցում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք տեսնում ենք, որ ռուսաց լեզվի կարգավիճակ չկա։ Վերջին որոշումներն ամենևին ուղղված չեն այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը»,- նշել է Վոլոդինը։