«ՀԱՄԱՍ»-ի առաջնորդները լքե՞լ են Թուրքիան
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման քաղաքական թևի ղեկավարությունը՝ Իսմայիլ Հանիեի գլխավորությամբ, ինքնուրույն որոշել է լքել Թուրքիան։ Այդ մասին նախօրեին РИА Новости գործակալությանը հայտնել է շարժման աղբյուրը։
«Թուրքական հետախուզությունը հոկտեմբերի 7-ին հանդիպել է «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարության հետ և նրան տեղեկացրել է, որ թուրքական իշխանությունները չեն կարողանա ապահովել նրա անվտանգությունը երկրում Իսրայելի սպառնալիքներից։ Դրանից հետո «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդները որոշել են լքել թուրքական տարածքը պատերազմի սկզբում»,- պնդում է աղբյուրը։
Ռուսական գործակալության զրուցակիցը հաստատել է թուրքական կողմի հայտարարությունը, թե շարժման ղեկավարությունն ինքնուրույն է լքել երկիրը՝ առանց Անկարայի կողմից ճնշումների։
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 23-ին, al-Monitor տեղեկատվական պորտալը, հղում անելով «աղբյուրներին», հայտնել է, որ թուրքական իշխանությունները երկրից վտարել են Հանիեին, ով գտնվում էր Ստամբուլում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման օրը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմն այս հաղորդագրություններն ավելի վաղ սուտ էր անվանել։