Այսօր տեղի կունենա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված շինծու գործով հերթական դատական նիստը
Հակարի կամրջի մոտ ԿԽՄԿ-ի մեքենայից ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական նիստն այսօր կշարունակվի։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նիստը կվարի Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։ Քրեական գործով զեկուցողն է դատավոր Ջամալ Ռամազանովը։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրում են 1990-ականներին «Մեշալի գյուղում հայկական անօրինական զինված խմբավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։ Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։