Նախարարություն բացել փակելը բիզնեսի նման մի բան է դարձել
2014թ-ին կառավարությունը որոշեց միավորել Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները: Խոսակցություններ էին պտտվում, որ դա արվում է Ռոբերտ Քոչարյանի կադրից` փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանից ազատվելու համար:
Կառավարությունը նախկին նախագահի կադրից ազատվելու այլ միջոց չգտնելով, որոշեց միավորել նախարարությունները, Արմեն Երիցյանին թողնելով երկու նախարարությունների նախարար:
Այժմ էլ հակառակն է, որպեսզի կարողանան դաշնակների հետ կոալիցիա կազմել, պետք է դաշնակների համար որևէ նախարարական պորտֆել ստեղծագործել: Եվ քանի որ Կարեն Ճշմարիտյանը անցանկալի կադր է դարձել, ապա Էկոնոմիկայի նախարարությունը դաշնակներին հանձնելը դժվար չէ: Եվ քանի որ կրթության և գիտության նախարարությունը ՀՀԿ-ն չի ցանկանում զիջել, դժվար է, ապա առավել դժվար է այսքան կարճ ժամանակահատվածում նոր նախարարություն բացելը:
Այստեղ հիշել են, որ տակավին վերջերս էլի մեկ նախարարություն կար` տարածքային կառավարման նախարարությունը, որն ի դեպ, բացվում փակվում է այն ժամանակ, երբ ոմանց պետք է լինում քիչ թե շատ հարգի պաշտոն տալ: Այսպես է նաև հիմա, այսպես էր նաև անցյալում:
Իսկ թե ֆինանսական, կամ ինչ կարգի խնդիրներ է առաջանում կառավարության նման փոփոխամտության արդյունքում, երևի թե էական չէ, քանի որ այս դեպքում կարևորվում են քաղաքական և անձնական շահերը:
Իսկ նախարարությունները ստեղծագործելը, բացել-փակելը, մեծացնել-փոքրացնելը ոչ թե բխում է իրավիճակից, այլ բխում է, թե ինչքան պորֆտել, ինչ գնով է հնարավոր իրացնել: