«Պոստերում կռված զինվորականների աշխատավարձերը սառեցրել են, չեն տալիս». Արցախից բռնի տեղահանված
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա կազմակերպած արցախցիներից մի քանիսին ընդունելուց հետո` նրանց առանց հստակ պատասխանների թողեց:
Համենայնդեպս, Շարհամանյանի հետ փակ հանդիպումից հետո արցախցիները դժգոհ դուրս եկան:
Լրագրողների հետ զրույցում նրանցից մեկն ասաց, որ ոչ մի նոր բան չասվեց իրենց:
«Պոստերում կռված զինվորականների աշխատավարձերը սառեցրել են, չեն տալիս: Ասում ենք խի՞, ասում է՝ բյուջեն սառեցված է, չենք կարողանում այն մարդկանց փողերը տալ, ովքեր պոստում 15 օր կռիվ են տվել»,- ասաց հանդիպմանը ներկա արցախցիներից մեկը։
Հարցին՝ ո՞վ է սառեցրել բյուջեն, ըստ իրենց, նա պատասխանեց. «Հայաստանի կառավարությունը»։
Ճշտող հարցին՝ այսինքն զինվորականները, ովքեր կռվել են, աշխատավարձ չեն ստացե՞լ։
«Չէ »,- պատասխանեց նա։ Բռնի տեղահանված արցախցին նշեց, որ ղեկավարությունն էլ չգիտի՝ տալու են, չեն տալու այդ աշխատավարձը։
Մեկ այլ արցախցի ասաց, որ բարձրաձայնել են նաև սոցիալական հարցեր։
«Զոհվածի, վիրավորվածների ընտանիքներ կան, որոնք մնալու տեղ չունեն։ Մարդիկ կան, որ դպրոցներում և մանկապարտեզների շենքերում են քնում։ Մեր պահանջն այն է, որ օգնեն այդ մարդկանց տներում տեղավորել»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ Արցախի նախագահ Սավել Շահրամանյանն ասել է՝ Արցախի լուծարման փաստաթուղթ չի ստորագրել։