Սառնաղբյուրում սպանված 3 երեխաներն էլ դպրոցում են եղել. Թաթոյան
Ադրբեջանական զինուժը զինված հարձակման հենց սկզբից Արցախի չորս շրջանները` Մարտունին, Մարտակերտը, Ասկերանն ու Ստեփանակերտը կտրել է իրարից, մեկուսացրել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա հայտնեց, որ իրենց թիմը զինված հարձակման հենց սկզբից փաստահավաք առաքելություն է իրականացրել։ Հավաքագրված տվյալները ցույց են տվել, որ ադրբեջանական իշխանությունները մանրամասն պատրաստվել են այս հարձակմանը` իրենց առաջ նպատակ դնելով նաև առաջին իսկ րոպեներից խուճապ ու քաոսային իրավիճակ ստեղծել Արցախում։
Նա նշեց, որ Ասկերանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանցիները սպանել են հինգ քաղաքացիական անձանց, որոնցից երեքը երեխաներ են։
«Նրանցից երկուսը մի ընտանիքից են, ութամյա և տասնամյա եղբայրները։ Նրանք այդ ժամանակ եղել են դպրոցում»,-ասաց Թաթոյանը։
Նա նշեց, որ շրջափակման պայմաններում երբ երեխաները եղել են դպրոցում, ծնողները գնացել էին Ասկերան սնունդ կամ այլ պարագաներ գտնելու համար, այդ պատճառով էլ կտրված է եղել կապը։
Հարձակման հետևանքով Ասկերանի հազարավոր բնակիչների հասել են Իվանյան՝ օդանավակայանի տարածք։
Թաթոյանը հիշեցրեց, որ Թաղավարդի ու դպրոցի հարևանությամբ էին գտնվում ադրբեջանական դիրքերը, որոնք ամիսներ շարունակ տեռորի են ենթարկել բնակիչներին, օրինակ, լույսեր են գցել մարդկանց տներում։