«Ամեն ինչը պատասխան ունի»․ Շահրամանյանը դուրս եկավ շենքից՝ հանդիպելու հավաքված արցախցիներին
Արցախի ներկայացուցչության շենքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Արցախցիներին հաջողվել էր մտնել շենք՝ հանդիպում պահանջելու ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Շահրամանյանը դուրս եկավ աշխատասենյակից։
«Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այն, ինչը ես պետք է ասեմ ձեզ, մեծ վտանգներ է պարունակում և Հայաստանի, և Արցախի հետագա ճակատագրի համար»,- ասաց շենք մուտք գործել ցանկացող քաղաքացիներին Սամվել Շահրամանյանը։
Նա նշեց, որ բոլորն էլ շատ դժվար վիճակում են, ծայրահեղ ծանր վիճակում։
«Այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Ուզում եմ ձեր բոլորին վստահեցնել՝ մեր թշնամին մեկն է, բոլորս էլ դա գիտենք։ Իմ արած բոլոր քայլերի համար պատասխանատու եմ ձեր բոլորի ու ձեր ընտանիքների առաջ։ Իմ կայացրած որոշումներով էլ եմ ես պատասխանատու բոլորի առաջ»,- ասաց Շահրամանյանը։
Նա ընդգծեց, որ պատրաստ է բոլոր հարցերի վերաբերյալ խոսել, հանդիպել բոլորի հետ, քննարկելու ինչում իրեն մեղադրում են կամ ինչ հարցեր ուղղեն իրեն։
«Բայց մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը, և մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք»,- ասաց Արցախի նախագահը։
Նա առաջարկեց հաջորդ շաբաթ հանդիպել։ Սակայն դա առաջացրեց ներկաների դժգոհությունը։
«Ամեն ինչը պատասխան ունի»,- ասաց Շահրամանյանը։