Բայդենը ժամանել է Իսրայել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեն Գուրիոն օդանավակայանում։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Բայդենը Իսրայել կայցելի հոկտեմբերի 18-ին։ Չորեքշաբթի օրը, Իսրայել այցելելուց հետո, նա ծրագրում էր Ամմանում հանդիպել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի և Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ, սակայն այցը Հորդանանի մայրաքաղաք չեղարկվել է Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո։
Նշվում է, որ ամերիկացի առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի օդանավակայանում՝ տեղական ժամանակով ժամը 10:50-ի սահմաններում։
Պաշտոնական հեռարձակման համաձայն՝ օդանավակայանում Բայդենին դիմավորել են վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախագահ Իցհակ Հերցոգը։