Կամ խաբել են վարչապետին, կամ վարչապետի գիտությամբ են թալանել
Երեկ ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան մի ուշագրավ հայտարարություն է արել: ԵՏՄ նախարարի ասելով, Հայաստանն այդ կառույցին միանալուց հետո Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեքենաների համար քաղաքացիներից չպետք է գանձեր ավելացված արժեքի հարկ: Սա ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի պահանջն է: Սակայն մեր հարկային ծառայությունը համառորեն ավելի քան մեկ տարի շարունակ գանձել է 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, որը հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
Փաստորեն, մեկ տարի շարունակ ՀՀ քաղաքացիները թալանվել են անօրինական ձևով: Իսկ այս պարագայում խոսքը գնում է հսկայական ու խոշոր թալանի մասին: ԵՏՄ նախարարը իր ազնիվ հայտարարությամբ փաստորեն կոռուպցիայի մասին հաղորդագրություն է տվել ՀՀ վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն մարմնին, որի անդամ են հարկային ոլորտի թիվ մեկ պատասխանատու, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման թիվ մեկ պատասխանատու, նախարար Վաչե Գաբրիելյանը, ում ղեկավարած գերատեսչությունը իր աշխատանքով պետք է նախանշի Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
ԵՏՄ նախարարի հայտարարությունից հետո անհարմար վիճակ է ստեղծվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար: Հովիկ Աբրահամյանը կամ պետք է ԵՏՄ նախարարին մեղադրի ստախոսության մեջ, կամ նախարարի հայտարարությունը, որպես հանցագործության մասին հաղորդագրություն, ուղարկի համապատասխան իրավապահ մարմիններին: Եթե այս գործը նախանշված երկու դեպքի համար վարչապետի կողմից ընթացք չստանա, ապա կարելի կլինի ենթադրել, որ ամեն ինչ կատարվել է ՀՀ վարչապետի գիտությամբ, կամ էլ մեկ տարի ժողովրդին թալանելու փաստը թաքցրել են վարչապետից;