Իսրայելն ԱՄՆ-ից շտապ օգնություն է խնդրել
Իսրայելն ԱՄՆ-ից 10 միլիարդ դոլարի շտապ օգնություն է խնդրել: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով խնդրանքին ծանոթ երեք պաշտոնյայի:
Հրատարակության համաձայն՝ ամերիկացի օրենսդիրները և Սպիտակ տունն ակնկալում են փաթեթ ստեղծել, որը կկապի Իսրայելին օգնությունն Ուկրաինային օգնության, ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ամրապնդման միջոցների և Թայվանին տրամադրվող օգնության հետ:
Նախօրեին NBC News-ը, վկայակոչելով երեք ամերիկացի պաշտոնյաների, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է այս շաբաթ Իսրայել մեկնելու հնարավորությունը։ Ինչպես ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, նախագահի այցն Իսրայել պետություն չէր ծրագրվի, եթե վստահություն չլիներ ամերիկացի առաջնորդի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու հարցում։