Գուտերեշը մեկնել է Չինաստան, դեռ հայտնի չէ՝ Պուտինի հետ կհանդիպի, թե ոչ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մեկնում է Չինաստան, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Սի Ցզինպինի և չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ТАСС-ը․
«Չինաստանի կառավարության հրավերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կմասնակցի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին և ելույթ կունենա ֆորումի բացման արարողությանը։ Նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա ՉԺՀ Նախագահ Սի Ցզինպինի, փոխնախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ», - ասել է նա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը չի պատասխանել հարցին, թե արդյո՞ք Գուտերեշը ծրագրում է Չինաստանում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նույնպես կմասնակցի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին․ «Եթե այլ հանդիպումներ լինեն, մենք ձեզ կտեղեկացնենք»,-ասել է Գուտերեշի ներկայացուցիչը: