Իսրայելա-պաղեստինյան պատերազմ․ օր 10-րդ․ զոհերի և վիրավորների վերջին տվյալները
Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 2 808 պաղեստինցի, ևս 10 859-ը վիրավորվել են, հայտնում է Գազայի Առողջապահության նախարարությունը, փոխանցում է BBC-ն։
Գազայի կառավարական գրասենյակի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում սպանվել է 254 պաղեստինցի: Մահացածների մոտ 64%-ը կանայք և երեխաներ են:
Պաղեստինի Առողջապահության նախարարությունը նաև հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով ավերված տների փլատակների տակ մոտ 1200 մարդ կա, նրանց թվում՝ ավելի քան 500 երեխա:
Իսրայելի Առողջապահության նախարարության հաղորդմամբ էլ՝ պատերազմի սկսվելուց ի վեր ավելի քան 4․000 իսրայելցի է վիրավորվել։
Նախարարության տվյալներով՝ Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակման մեկնարկից ի վեր, ընդհանուր առմամբ, վիրավորվել է 4121 մարդ:
Այս պահին հիվանդանոցներում դեռ 344 վիրավոր կա, նրանցից 82-ի վիճակը ծանր է։