Զարմանալի է, որ Բաքվում դասեր չեն քաղում. Էդվարդ Նալբանդյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս քվոյի պահպանման մեջ մեղավոր է հենց Ադրբեջանը։ Այս մասին փետրվարի 9-ին Երեւանում՝ Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ մամուլի ասուլիսին, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին Բաքվից հնչող սպառնալիքները։
Նախարարի խոսքով՝ Բաքվից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որոնք չեն համապատասխանում միջազգային շփման ոգուն։
«Զարմանալի է, որ Բաքվում դասեր չեն քաղում նրանից, թե ինչպես են նման հայտարարությունները հակառակ արդյունքը տալիս»,- նշել է Նալբանդյանը։
ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է, որ Հայաստանը եւ համանախագահները շահագրգռված չեն ստատուս քվոյի պահպանմամբ։ «Ադրբեջանն է մեղավոր, որ ստատուս քվոն պահպանվում է»,- ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ փոփոխությունները հնարավոր են բանակցային ճանապարհով։
«Ադրբեջանը սրում է իրավիճակը, չի արձագանքում հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համանախագահների կոչերին, հրաժարվում է միջադեպերի հետաքննման մեխանիզմեր ստեղծելուց»,- հիշեցրել է նախարարը։