ՀՀԿ-ն մի հիմնարկ ավել կամ պակաս ունենալով` ոչինչ չի փոխի ՄԻՊ ոլորտում
Հանրապետական կուսակցության կայուն քաղաքական մեծամասնությունը հերթական անգամ իր մոտեցումներով խեղաթյուրում և ոտնահարում է սահմանադրության նորմերը:
Newspress.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` պատասխանելով հարցին, թե զավեշտ չէ՞ արդյոք, որ ՀՀԿ-ն որոշել է բացարձակ մենաշնորհ հաստատել և այս անգամ էլ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել:
Սաքունցը նկատում է, որ իհարկե կուսակցությունը կարող է և իրավունք ունի առաջադրել իր թեկնածուին, սակայն այս դեպքում հերթական անգամ ամրագրում ենք, որ Հանրապետականը սահմանադրական մարմինների նկատմամբ ոչ պատասխանատու վերաբերմունք է ցույց տալիս, քանի որ հենց ինքն է խախտում սահմանդրության նորմերն ու դրանց բովանդակությունը խեղաթյուրում:
«Ցանկացած սահմանադրական մարմնի ձևավորման գործում կարևոր նշանակություն ունի այդ մարմնի ձևավորման ընթացակարգի պատշաճ պահպանումը: Ու որքանով չեն պահպանվում այդ նորմերը, այդքանով ստվերվում է նաև այդ ստեղծվելիք մարմնի լեգիտիմությունն ու նրա նկատմամբ վստահությունը»,- ասաց Սաքունցը` հավելելով, որ սա առաջին դեպքը չի, որ ՀՀԿ-ն խեղաթյուրում է կառույցը:
Հ.Գ. Այն, որ ՀՀԿ-ն որոշել է մարդու իրավունքի պաշտպանի սեփական թեկնածու առաջադրել, զավեշտ է այնքանով, որ այսօր Հայաստանում բոլոր կառույցները ՀՀԿ իրավասության ներքո են և հենց այդ կառույցների շնորհիվ էլ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում: Անկախ ՄԻՊ գրասենյակի գործունեությունից, ՀՀԿ-ն ի վիճակի է պաշտպանել ՀՀ քաղաքացու իրավունքը, եթե կա դրա ցանկությունը:
Այնպես, որ ՀՀԿ-ն մի հիմնարկ ավել, մի հիմնարկ պակաս ունենալով` Մարդու իրավունքի պաշտպանի ոլորտում ոչինչ չի փոխի: Պարզապես ևս մեկ հանրապետական իր թիմով կաշխատի ի հաշիվ ՀՀ բյուջեի: