Մենք ոչ թե չէինք ուզում ընդունել արցախցիներին, այլ չէինք ուզում, որ ստիպված տեղահանվեն, բայց, եթե դա տեղի է ունեցել՝ պետք է գորովանքով վերաբերվենք մեր քույրերին ու եղբայրներին․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հավաստիացրեց՝ բռնի տեղահանվածներին Հայաստանում տեղավորելու ծրագիր նախապես չեն ունեցել: Սակայն դա ոչ թե այն պատճառով, որ չի ցանկացել արցախցիներին ընդունել Հայաստան, այլ պարզապես չի ցանկացել, որ նրանք ստիպված լինեն դուրս գալ հայրենի հողից։
«ԼՂ-ից հայաթափումը երբեք մեր պլանների և մեր քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ մեր օրակարգում չի եղել: Բայց, եթե դա տեղի է ունեցել, մենք պետք է գործով ապացուցենք ու գորովանքով վերաբերվենք ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքներին՝ ինչպես ՀՀ քաղաքացիների պարագայում: Այն դեպքում, երբ ԼՂ-ի մեր քույրերը և եղբայրները որևէ պատճառով իրենց տները վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքականությունն է, որ ամեն ինչ անենք, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ:
Նա վստահեցնում է՝ ցանկություն կա, որ բոլորն ապրեն, աշխատեն Հայաստանում:
«Ես ամեն օր ստանում եմ թվեր, թե Լեռնային Ղարաբաղից եկած ինչքան մարդ է դուրս եկել Հայաստանից, այս պահի դրությամբ մոտավորապես 2500 մարդ է դուրս եկել, ես հույս ունեմ, որ նրանք այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում իրենց բարեկամներին, որ ինչ-որ ժամանակ անցկացնեն այնտեղ ու վերադառնան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: