Իսրայելական բանակը խոստովանել է, որ ազդանշաններ է ստացել «ՀԱՄԱՍ»-ի հնարավոր հարձակման մասին
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին խոստովանել է, որ զինվորականները հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ»-ի հնարավոր հարձակման մասին ազդանշաններ են ստացել, սակայն հետախուզությունից հստակ տեղեկություն չի եղել: Այս մասին գրում է Times of Israel թերթը։
Ինչպես նշում է հրատարակությունը, Հագարին պատասխանել է իսրայելական 13-րդ ալիքի հայտարարություններին՝ «ՀԱՄԱՍ»-ի հարձակման նախորդ գիշերը որոշակի նախազգուշացումների առկայության մասին։ Հեռուստաալիքը հաղորդում է, որ հետախուզության բարձրաստիճան սպաները քննարկել են նախազգուշացումները շաբաթ երեկոյան և «համաձայնել են շարունակել քննարկումները առավոտյան»:
«Էական նախազգուշացումներ չեն եղել: Հարձակումից մի քանի ժամ առաջ հայտնված ազդանշանները կարող էին հիմնված լինել հետախուզության տարբեր նշանների վրա»,- մեջբերում է թերթը Հագարիի խոսքերը:
Նրա խոսքով՝ բանակը կուսումնասիրի «ՀԱՄԱՍ»-ի անակնկալ հարձակման բոլոր հանգամանքները։
Ավելի վաղ եգիպտական պաշտոնական աղբյուրը տեղական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Կահիրեն ոչ մի տեղեկություն չի տրամադրել մոտալուտ հարձակման մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նույնպես հերքել է այն տեղեկությունը, թե Եգիպտոսը նախապես զգուշացրել է Իսրայելին պաղեստինյան խմբավորումների ծրագրերի մասին։