ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներն ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրության ներուժը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Արաքսյա Բաբիկյանը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» գագաթնաժողովում հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բնակիչների տեղահանման հետևանքով առաջացած խնդիրներին:
«Կայուն զարգացումը էական ազդեցության է ենթարկվում, երբ բախվում ենք տարածաշրջանում ուժի կիրառման, տնտեսական և հարկադրանքի այլ ձևերի սոցիալ-տնտեսական, հումանիտար հետևանքների: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100000 մարդ ենթարկվել է էթնիկ զտման և ստիպված է եղել լքել իրենց տները՝ ապաստան գտնելով Հայաստանում: Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության զանգվածային տեղափոխումը Հայաստան պահանջում է անհապաղ մարդասիրական արձագանք և ռեսուրսների մոբիլիզացում։ Տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներն ուղղակիորեն խաթարում են տարածաշրջանում կայուն զարգացմանն ու մարդկանց բարեկեցությանն ուղղված ջանքերը:
Ստեղծված իրավիճակը պահանջում է միջազգային հանրության, համապատասխան մարդասիրական կազմակերպությունների, ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված հաստատությունների անհապաղ ու գործնական քայլերը՝ մեղմելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շարունակական դժվարությունները, զրկանքներն ու տառապանքները: ՄԱԿ-ը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրության ներուժը՝ լուծելու փախստականների կյանքը փրկելու, պաշտպանելու և շուտափույթ վերականգնելու կարիքները և ապահովելու նրանց մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ ՝ իրենց նախնիների հայրենիք անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»,- ասել է Հայաստանի ներկայացուցիչը: