Ադելը ճանաչվել է 2015 թվականի ամենահաջողակ կատարողը
Անգլիացի երգչուհի, երգահան, «Գրեմմի» բազմակի մրցանակակիր Ադելը ձայնագրությունների միջազգային ֆեդերացիայի (IFPI) վարկածով ճանաչվել է անցած տարվա ամենահաջողակ կատարողը: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Նշվում է, որ երկրորդ տեղում բրիտանացի կատարող Էդ Շիրանն է: Երրորդ տեղում ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն է, որն անցած տարի գլխավորել է այդ վարկանշային ցուցակը:
Այդ կազմակերպության ամենամյա վարկանշային ցուցակի ընտրության չափանիշը աուդիոձայնագրությունների վաճառքի ընդհանուր ծավալն է, ինչպես ֆիզիկական կրիչներով, այնպես էլ՝ թվային ձևաչափով, ինչպես նաև ընդհանուր լսումների թիվով:
Հիշեցնենք, որ անցած տարի Ադելի հանրահայտ Hello երգը, որը թողարկվել է հոկտեմբերի 22-ին, 12 ժամում առաջին տեղն է բարձրացել iTunes չարթերում 85 երկրների տվյալներով, իսկ համապատասխան տեսահոլովակն ընդհանուր առմամբ 87 օրում 1 մլրդ դիտում է ունեցել Youtube-ում:
Հանրահայտ երգչուհու նոյեմբերի 20-ին թողարկված «25» ալբոմը թողարկումից հետո առաջին իսկ շաբաթում վաճառքի ռեկորդ է սահմանել Մեծ Բրիտանիայում, որտեղ այն ձեռք է բերել ավելի քան 800 000 հոգի: Իսկ ՄԱՆ-ում վաճառքի առաջին 5 օրում վաճառվել է դրա 2,8 մլն օրինակ: Nielsen SoundScan ծառայության հայտարարած տվյալներով՝ ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի ավելի քան 8 մլն օրինակ: