«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորը հրաժարվեց նախագահի պաշտոնից
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը ՀՀ Արդարադատության խորհրդին դիմում է ներկայացրել՝ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Սամվել Ուզունյանը դիմումում խնդրել է նաեւ իրեն հնարավորություն տալ դատարանում աշխատանքը շարունակել որպես դատավոր:
Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանի գլխի վերևում սև ամպեր էին կուտակվել, դեռ նրա արձակուրդի մեջ գտնվելու ժամանակ: Newspress.am-ը փորձեց պարզել, թե որտեղից են գալիս այդ ամպերը, սակայն դատարանից մեզ տրամադրված համարից մեկ այլ համար փոխանցեցին, իսկ այստեղից էլ` մեկ ուրիշը:
Փորձեցինք տեղեկատվություն ստանալ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանից: Աշխատակցուհին նախ խնդրեց զանգահարել 10 րոպե անց, սակայն 10 րոպե հետո պարզվեց, որ նա խորհրդակցության է և չի կարող խոսել:
Նկատենք, որ դատական համակարգում արմատական փոփոխությունների մասին վաղուց էին լուրեր շրջանառվում և չի բացառվում, որ Սամվել Ուզունյանի հրաժարականի դիմումը կապված է հենց դրա հետ:
Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է 2004թ.-ից և հենց նա էր դատավարում «Հոկտեմբերի 27»-ի գործով: