ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը բերվել է մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի
Այսօր՝ փետրվարի 8-ի առավոտյան, Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի միավորումները բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի՝ ՌԴ ԶՈւ հարավարևմտյան ռազմավարական ուղղության մարտունակության հանկարծակի ստուգման նպատակով: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Հանկարծակի ստուգման նպատակն է գնահատել ռազմական շրջանի պատրաստության աստիճանը տարբեր ճգնաժամային իրավիճակներին:
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ վարժանքի ընթացքում կատարելագործվելու են ռազմական շրջանի բոլոր գործողությունները, այդ թվում և ռազմական ավիացիայի և ՀՕՊ ստորաբաժանումների կողմից ռազմական և պետական կարևոր օբյեկտների պաշտպանությունը՝ հակառակորդի օդային հարձակման դեպքում, ինչպես նաև զորքերի պատրաստությունը՝ հակաահաբեկչական գործողություններում և պայմանական աղետների հետևանքների վերացման գործում:
Նշենք, որ Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական օկրուգի կազմի մեջ են մտնում Կովկասում և դրանից ավելի հյուսիս ընկած տարածքում տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, ինչպես նաև կասպյան և սևծովյան նավատորմերը, Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան: