Հոսանքն օրը երկու անգամ ժամերով անջատում են. ահազանգում են Ներքին Շենգավիթի բնակիչները
Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար հոսանքի անջատումներ են լինում: Այս մասին newspress.am-ին ահազանգեցին տեղի մի շարք բնակիչներ: Նրանց խոսքով ՝ հոսանքը օրվա ընթացքում անջատում են երկու անգամ և ընդ որում ՝ երկու, երեք ժամով:
«Զանգում ենք էլեկտրացանց, ասում են մալուխ է վթարվել, չենք հասկանում ամեն օր մալո՞ւխ է վթարվում, իրենց պատճառով մեր տեխնիկան է վնասվում, հետո էլ չես կարող ապացուցել, որ մեղքն իրենցն է, լույսի փողը մի օր ուշացնենք` կանջատեն, իսկ իրենք նորմալ հոսանք չեն տալիս»,- նշեցին բնակիչները:
Նրանց խոսքով ՝ պլանային վերանորոգման աշխատանքները չեն կարող մեկ ամիս տևել. «կամ եթե պլանային անջատում է, ապա ինչո՞ւ փողոցի լույսերը չեն անջատում, միայն տներինը»:
ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալիա Սարջանյանը newspress.am-ի հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերից մինչ այժմ Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում անջատումներ եղել են ոչ թե ամեն օր, այլ չորս անգամ, որոնցից երկուսի դեպքում մալուխ էր վնասվել: