Վատ եղանակին ոստիկանները «կենդանի լուսակիր» են դառնում
«Խեղճ ոստիկաններն իրենց ձեռքի փայտիկով աջ են ցույց տալիս, ձախ են ցույց տալիս ու քթի տակ մրթմռթում, թե «էս վարորդները սատկում են մի հատ իրար խփեն` փող աշխատենք»»:
Newspress.am-ի հետ զրույցում կես կատակ, կես լուրջ ասաց մի տարեց երևանցի, ով կանգառում կանգած սպասում էր իր երթուղայինին ու հետևում Կոմիտասի վրա գտնվող «Երևան Սիթիի» խաչմերուկում կատարվող անցուդարձին:
Որպես կանոն, սովորաբար ամեն ձյան տեղումների հետ, այս խաչմերուկի լուսակիրները սկում են չաշխատել ու երթևկությունը կաթվածահար է լինում:
Իրավիճակը փրկելու համար էլ գործի են դրվում «կենդանի լուսակիները»` պետավտոտեսուչները, ովքեր փորձում են կարգավորել երթևեկությունը: Բայց խնդիրն այս պահին ոչ միայն լուսակիրներն են, այլ ճանապարհները, որոնց անանցանելիությունը, ինչպես և սպասվում էր, էլ ավելի է բարդացնում իրավիճակը:
Այստեղ մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ճանապարհներին` «սատկում են մի հատ մաքրեն»- նկատեց նա:
Ու ճանապարհների այսօրինակ տեսարանների ֆոնին ամենազավեշտալին ու վիրավորականը այն է, որ քաղաքապետարանը տարածել է այս օրերի համար պահված իր հերթական, բաժակաճառի տպավորություն թողող հայտարարությունը, ըստ որի` մայրաքաղաքում ձյան տեղումներին զուգահեռ, այսինքն` փետրվարի 7-ի երեկոյան, «գլխավոր ու երկրորդական փողոցներում սկսվել և շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Մայրաքաղաքի բոլոր ճանապարհներն անցանելի են, ձնամաքրման աշխատանքներն էլ շարունակական»: