«Տավարի ձուկն» ու «տավարի ցավը»` ԴԱՀԿ Միհրանի սուպերմարկետում. (լուսանկարներ)
Գաղտնիք չէ, որ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը պատկանում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին կամ ինչպես ասում են` «Քեթրինի» Միհրանին, ով պետական պաշտոնյա լինելուց բացի համարվում է ցիտրուսային մրգերի ներկրմամբ զբաղվող «Քեթրին» ընկերության սեփականատերը:
Ինքը` Միհրան Պողոսյանը, մի առիթով խոստովանել է. «Դա լիովին բավարար է, որ ես աշխատեմ պետական պաշտոնում եւ ֆինանսապես ապահովված լինեմ»:
Իհարկե բավարար է. հատկապես, երբ այս մարդու ֆինանսը ձեռք է բերվում առանց քրտնաջան աշխատանքի ու խղճի խայթի:
ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ՀՀ չինովնիկական էլիտայում հայտնի է իր յուրահատուկ արտոնյալ դիրքով ու անկախ պահվածքով։ Վերջերս էլ ի հայտ եկավ նրա դրսևորման նոր` աներևակայելի հատկություն:
Ի տարբերություն գործարարությամբ զբաղվող այլ չինովնիկների, տնտեսագետի եւ իրավագետի որակավորում ունեցող Միհրան Պողոսյանի համար գործարարությամբ զբաղվելը կարծես, ոչ միայն ֆինանսի աղբյուր, այլև խրախճանք է դարձել:
Եթե, օրինակ, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի` «Լֆիկ» Սամոյի պարագայում, սուպերմարկետների ցանցում սննդի մեջ հայտնաբերվում էին խոնավասեր ու խավարասեր կենդանիների որոշ տարատեսակներ, ապա «Քեթրինի» Միհրանի դեպքում` գնորդներին մատուցվող սնունդը իր մեջ «մուտանտային» տարր է պարունակում:
Եվ այսպես, վաճառվում է «տավարի ձուկ»` կիլոգրամը 4.173 դրամ արժողությամբ:


Ի՞նչ է սա, ծաղրանք, շփոթմունք, թե ողբերգություն, որ իրականացվում է շարքային քաղաքացու` մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ: Չի բացառվում, որ վաղը նույն այդ «Ֆրեշը» մեզ առաջարկի ասենք «տավարի մուկ», «խոզի հավ», «հավի տավար»… ու «տավարի ցավ»: