Սեպտեմբերի 13-ին Պապիկյանն այցելել է Եռաբլուր. ՊՆ–ն հերքում է տարածված լուրերը
ՀՀ պաշտպանության նախարարը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ ժամը 08։10-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հերքելով սոցցանցերում շրջանառվող այն լուրերը, թե Պապիկյանը չի հարգել զոհված զինծառայողների հիշատակը։
«Սեպտեմբերի 13-16-ը ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իրականությանը չհամապատասխանող գրառումներ են կատարել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:
ՊՆ–ն հորդորում է ֆեյսբուքյան օգտատերերին, քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ ավելորդ և անհարկի շահարկումներից։
Ընդգծվում է, որ պաշտպանության նախարարությունը նմանօրինակ գրառումների հեղինակներին նաև հեռախոսազանգով է իրազեկել, որ պաշտպանության նախարարի՝ Եռաբլուր չայցելելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը