Այսօր Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանը կդառնար 22 տարեկան
Այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 22 տարեկան։
Պատերազմի խորհրդանիշ դարձած Ալբերտը զոհվեց Արցախի համար մղվող մարտերում՝ անձնվիրաբար նվիրելով կյանքը հայրենիքին։ Հետմահու պարգևատրվել է Արցախի «Արիության համար» մեդալով։
Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։ 2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։ 2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։ Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։