Հելեն Դադայանի աճյունի տեղափոխման հարցում Ադրբեջանը փորձում է ձեռնտու փաստաթղթեր ստանալ․ «Առավոտ»
Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը նախորդ շաբաթ դիմել է ՄԻԵԴ՝ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով: Այս հարցով Սահակյանն ավելի վաղ էլ էր դիմել ՄԻԵԴ ու մերժում ստացել:
«Անհապաղ միջոց կիրառելու խնդրանքով դիմել ենք ՄԻԵԴ եւ սպասում ենք արձագանքի: Նախկինում միջպետական գանգատի շրջանակներում ՀՀ-ն ներկայացրել էր խնդրանք ընդդեմ Ադրբեջանի, որը, ցավոք, դատարանի կողմից մերժվեց: Մի փոքր վերափոխել ենք խնդրո առարկան ու հստակեցրել պատասխանատվությունը նոր գանգատի շրջանակներում եւ նման խնդրանք ենք ներկայացրել: Որպես կանոն՝ այդ խնդրանքները հրատապ ընթացակարգով են քննվում, ողջամտորեն այն կարող է տեւել մինչեւ 7 օր: Այս պահին դեռ դատարանից արձագանք չունենք, սպասում ենք դատարանի որոշմանը: Իսկ նախորդ խնդրանքը դատարանը մերժել էր՝ գտնելով, որ անհապաղ միջոցների շրջանակից դուրս է: Առանձնակի պատճառաբանություններ հատուկ ներկայացված չեն եւ այդպիսին է նաեւ դատարանի պրակտիկան»,- Aravot.am-ին ասաց Սիրանուշ Սահակյանը: