Ներքին հրաման` ոչ ոք չխանգարի Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգին»
Հունվարի 4-5-ին Բագրատաշեն մաքսակետում հայ գործարարներից մեկը փորձել է 4 բեռնատարով ալյուր ներկրել Հայաստան, սակայն այնքան բարձր գներով են մաքսազերծել, որ միայն երկու մեքենաներն է անցկացրել, իսկ մյուս երկուսը իրացվել է հենց Վրաստանում:
Newspress.am-ի խմբագրություն ահազանգած գործարարն այստեղ դիտավորություն է տեսել, քանի որ մինչ այդ նման բարձր գներով մաքսազերծում չէր արվել:
Ներկրվող ալյուրը, որի մեկ կիլոգրամն 170-175 դրամի է հասնում Հայաստան, մաքսայինի «ստուգումներից» հետո մեկ կիլոգրամն հասել է 210 դրամի, և ստիպված մեզ ահազանգած գործարարի խոսքով, ալյուրը ինքնարժեքով բաժանվել է հացաթխման կետերին:
Նա անկեղծացավ, որ վաճառում է մեքենաները, քանի որ չի կարող նման պայմաններում աշխատել. նա դրանով էր ընտանիքը պահում:
Հիշեցնենք, որ ներկայումս ալյուրի մեկ կիլոգրամն հայաստանյան խանութներում իրացվում է միջինում 235-240 դրամով:
Newspress.am-ին լավատեղյակ աղբյուրները փոխանցեցին, որ մաքսակետերում ալյուրի ներկրումը խիստ հսկողության է ենթարկվում և ներքին հրաման կա` բացի «Ալեքս Գրիգի» մեքենաներից, այլ մեքենաներով ալյուրի մուտքը չթույլատրել:
Հիշեցնենք, որ ալյուրի էժանացման և հացի գնի չնվազման հարցը քննարկվեց կառավարության այս տարվա առաջին նիստում. վարչապետ Հովիկ Աբրահամյանն հարց ուղղեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, թե ինչո՞ւ հացի գները չեն նվազում, երբ ալյուրի գինը նվազել է:
Անցել է գրեթե մեկ ամիս և հացի գնի, առավել ևս, որակի փոփոխություն գրեթե չկա:
Հիշեցնենք, որ ալյուրի ներկրման շուկան բարձր կենտրոնացվածություն ունեցող, ասել է թե մոնոպոլացված ոլորտ է և գտնվում է տնտեսական մրցակցության պաշտպանության մշտական հսկողության տակ: Հայաստան ալյուրի ներկրման շուրջ 80 տոկոսը բաժին է ընկնում «Ալեքս Գրիգին» և «Մանանա Գրեյն» ընկերություններին, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում Սամվել Ալեքսանյանն (Լֆիկ) է գին թելադրում:
Ահա թե ինչու չի խրախուսվում մանր ձեռնարակատերերի կողմից ալյուրի ներկրումը: Այս պայմաններում Արտակ Շաբոյանին մնում է միայն թվային աճպարարությամբ զբաղվել, քանի որ չի կարող որևէ տրամաբանական պատճառ ներկայացնել, թե ինչու ՌԴ-ում ալյուրի և ցորենի գները նվազում են, իսկ Հայաստանում Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) պատճառով` հացի գինը չի նվազում: