Միխայել Շումախերի առողջական վիճակը այնքան էլ հուսադրող չէ
Ֆորմուլա 1-ի Ferrari թիմի նախկին ղեկավար Լուկա դի Մոնտեձեմոլոն տեղեկացրել է, որ լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջության մասին տեղեկություններն այնքան էլ հուսադրող չեն: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Հիշեցնենք, որ արքայական ավտոմրցաշարերի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, 2013 թվականին Ֆրանսիայի լեռնադահուկային Մերիբելե հանգստավայրում լուրջ վնասվածքներ էր ստացել: Լեգենդար ավտոարշավորդը գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներով երկար ժամանակ գտնվել էր կոմայում: 2014 թվականից նա տեղափոխվել էր Շվեյցարիայում գտնվող իր առանձնատուն, որտեղ վերականգնվում է բժիշկների և հարազատների խնամքի ներքո:
«Ես նորություններ ունեմ և ցավոք սրտի, դրանք, այնքան էլ լավը չեն: Կյանքը անկանխատեսելի բան է: Նա հիանալի ավտոարշավորդ էր եւ Ferrari-ում հանդես գալու ողջ ընթացքում ընդամենը մեկ վթար է ունեցել՝ 1999-ին»,- հայտարարել է Ferrari թիմի նախկին ղեկավար Լուկա դի Մոնտեձեմոլոն:
Ավելացնենք, որ Մոնտեձեմոլոն այլ մանրամասներ չի հաղորդել: