Բայդենը մոտ ապագայում կարող է ավելի մեծ հեռահարության հրթիռներ ուղարկել Ուկրաինա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոտ ապագայում կարող է որոշել ավելի մեծ հեռահարության հրթիռներ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին գրում է Financial Times-ը։
«Շուտով կարող է որոշում կայացվել»,-թերթին ասել է Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Մինչ այս, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով առաջին օգնական Ջոնաթան Ֆեյները լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ ԱՄՆ վարչակազմը չի բացառում ATACMS հեռահար հրթիռների մատակարարումները Ուկրաինայի Զինված ուժեր, բայց դեռ պատրաստ չէ նման քայլի մասին հայտարարել։
Ֆեյների խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային զենք տրամադրել, որը «թույլ կտա նրան հաջողության հասնել մարտի դաշտում»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան և ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը քննարկել են Կիևին հեռահար ATACMS հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Ուկրաինան սկսել էին Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները։