Հեղինեն սկզբունքային չէ, որ ՕԵԿ-ը հենվել է Փոստանջյանի վրա
ԱԺ ՕԵԿ խմբակցությունը որոշել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար ԱԺ պետաիրավական հանձնաժողովում առաջադրել Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ երեկ իրենց խմբակցությունում հանդիպել են Փոստանջյանի հետ, քննարկել հարցը ու նման որոշման հանգել:
Ըստ ՕԵԿ-ականի` նրանք այդ որոշումը կայացրել են հաշվի առնելով Փոստանջյանի սկզբունքայնությունը, գրագետ, գիտակ լինելը և նրա առաջադրումով ՕԵԿ-ը նաև գենդերային հավասարության խնդիր է հաշվի առել:
ՕԵԿ կուսակցությունում ևս կա կին պատգամավոր Հեղինե Բիշարյան անունով ու քանի որ սկզբունքային գործիչ փնտրելիս ՕԵԿ-ը հենվել է Զարուհի Փոստանջյանի վրա` նշանակում է, որ իրենց Հեղինեն սկզբունքային չէ: Այնքան սկզբունքային չէ, որ այդ պաշտոնում կարողանար խոսել կոռուպցիայի, օֆշորի, բացթողումների մասին:
Տարիները ցույց են տվել, որ Հեղինե Բիշարյանը կարող է լավ աշխատել միայն որպես Արթուր Բաղդասարյանի պաշտպան: