Հաջիևը «The New York Times»-ին մեղադրել է հայկական լոբբիի կողմից ֆինանսավորվելու և քարոզչություն իրականացնելու մեջ
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Twitter-ի (X) իր էջում բաց նամակ է հղել «The New York Times»-ին, որում իր դժգոհությունն է հայտնել։
«Ցավում եմ, որ բոլորի ձայնի համար արդար հարթակ լինելու փոխարեն «The New York Times»-ը խոչընդոտներ և բյուրոկրատական արգելքներ է դնում այլընտրանքային տեսակետների համար: Հակառակ որոշ արևմտյան լրատվամիջոցների տեղեկատվական մենաշնորհի, որոնք սովետական ոճի քարոզչություն են իրականացնում իմ երկրի դեմ, X սոցիալական ցանցն առաջարկում է ավելի հզոր, այլընտրանքային, ազատ և բաց հարթակ։ Այս բոլոր հոդվածները ստուգելիս, այդ թվում՝ «The New York Times»-ում, տպավորություն է ստեղծվում, որ դրանք բոլորը կազմվել են մեկ պետական կառույցում կամ PR ընկերությունում, որը ֆինանսավորվում է հայկական լոբբիի և կառավարության կողմից»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։