Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը
Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես գիտելիքի, գրի և դպրության օր: Այն կոչվում է «Գիտելիքի օր», քանի որ հենց այդ օրն է սկսվում նոր ուսումնական տարին։
Օրը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Սովորողները տոնական տեսք ընդունած գնում են դպրոց՝ նշելով իրենց ուսումնական տարվա առաջին օրը։
Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայկական մենթալիտետին բնորոշ կողմերից են համարվել: Եվ պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, միշտ էլ տոնական է լինում: Սակայն ողջ աշխարհում նշվող գիտելիքի օրը` սեպտեմբերի 1-ը, առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս: